ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունը դատապարտելու տեսանկյունից: Սակայն մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործությանը քաղաքական գնահատական տալու ԱՄՆ սկզբից Ներկայացուցիչների պալատի, իսկ այնուհետև նաև Սենատի ձգտումը բարդ է պայմանավորել միայն արդարությունը վերականգնելու մղումով:
Բավական է միայն հիշել, որ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպման վայրից ԱՄՆ սենատորներից մեկը վետո կիրառեց Ցեղասպանության վերաբերյալ մեկ այլ բանաձևի նկատմամբ: Իսկ այսօր բանաձևն ընդունվեց միաձայն: Եվս մեկ հանգամանք՝ բանաձևն ընդունվեց ՌԴ արտաքին գործերի նախարարի՝ ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո:
Իհարկե, բանաձևի ընդունման հիմնական նպատակներից մեկը Թուրքիային ուղերձ հղելն է: Նույնիսկ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցից հետո Թուրքիան չհրաժարվեց ռուսական Ս-400 հակահրթիռային համակարգերից: Սակայն չի բացառվում նաև, որ ուղերձներ կան հղվող նաև Հայաստանին, մասնավորապես՝ հայ հանրությանը:
Ռուսաստանն այժմ ակտիվ նախաձեռնող քաղաքականություն է վարում տարածաշրջանում, այդ թվում՝ որպես միջնորդ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, և՛ ազգային մակարդակով ակտիվ ջանքեր գործադրել: Բնական է, որ բանակցային գործընթացի ցանկացած առաջխաղացում, ստատուս-քվոյի ցանկացած խախտում բավական ցավոտ է լինելու կողմերի համար, և հանրային բացասական տրամադրություններ կարող է առաջացնել միջնորդի կամ միջնորդների նկատմամբ:
Այդ համատեքստում, չի բացառվում, որ ԱՄՆ-ից նման դրական ազդակները՝ ուղղված Հայաստանին, Ռուսաստանի հետ առկա պայմանավորվածությունների և տարածաշրջանում սպավող զարգացումների ֆոնին Վաշինգտոնի նկատմամբ դրական տրամադրվածություն ստեղծելու և ԱՄՆ դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու քաղաքականության մաս են: