«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ Ջո Բայդեն

11:18     15 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևն ընդունելու` ԱՄՆ Սենատի որոշումը։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում։

​«Ես ողջունում եմ Սենատի կողմից կարևորագույն այս որոշման ընդունումը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը,-Twitter-ում գրել է Բայդենը` հավելելով,- փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների, և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար»:

Սեպտեմբերի 16-ին Բայդենը նամակ էր ուղղել Ամերիկայի Հայ դատի գրասենյակ` գրելով, որ ԱՄՆ-ն պետ է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Հայոց ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։


© armedia.am