Շոտլանդիան պաշտոնապես թույլտվություն է հարցրել Լոնդոնից երկրորդ հանրաքվեի համար

09:28     20 դեկտեմբերի, 2019

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստյորջենը պաշտոնական նամակով դիմել է Լոնդոնին՝ խնդրելով վերջինիս թույլտվությունը անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման համար։ 

Հինգշաբթի շոտլանդական ինքնավարության կառավարությունը հրապարակեց  իր պաշտոնական դիրքորոշումը մի փաստաթղթով, որում ասվում է, որ Բրիտանիայի որոշումը ԵՄ-ից դուրս գալու մասին և Շոտլանդիայում վերջին քվեարկության արդյունքները նրան օրինական իրավունք են տալիս պահանջելու նոր հանրաքվե։

«Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը հստակ հայտարարել է, որ ցանկանում է այլ ապագա, քան այն, որն ուզում է մեծամասնությունը մնացյալ Բրիտանիայում։ Մենք պետք է իրավունք ստանանք, որպեսզի դիտարկենք այլընտրանքն անկախության տեսքով»,- ասել էր Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Ստյորջենը շոտլանդական ինքնավարության խորհրդարանում։

Ստյորջենն ավելացրել է, որ Լոնդոնը գրեթե հաստատ կմերժի այս առաջարկը։ «Բայց թող պատրանքներ չտածեն, սրանով բանը չի ավարտվի»,- ասել է նա։

Նիկոլա Ստյորջենը և նրա կողմնակիցները հայտարարել են, որ Անգլիան և Ուելսը բռնի են Շոտլանդիան պոկում ԵՄ-ից (Հյուսիսային Իռլանդիան նույնպես դեմ է քվեարկել դուրս գալուն՝ 56 տոկոս 44-ի դիմաց), և այս փոփոխված հանգամանքներում շոտլանդացիները երկրորդ փորձի լիակատար իրավունք ունեն։


© armedia.am