ԱՄՆ-ն հայտարարել է իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության մասին

10:02     3 հունվարի, 2020

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը, հայտնում է News.am-ը` հղում կատարելով « ՏԱՍՍ»-ին։

«ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտը՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի (սպանությանը) և «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է և հիմար թեժացման կհանգեցնի»,- գրել է Զարիֆը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի զորահրամանատարի սպանության հետևանքների համար։

Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։


© armedia.am