Իրանի նախագահը կոչ է արել Թուրքիային միավորվել ԱՄՆ-ի դեմ

12:22     5 հունվարի, 2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել հանդես գալ ԱՄՆ-ի դեմ՝ կանխելու համար Վաշինգտոնի «ավելի հանդուգն» գործողությունները: Այս մասին ինչպես հայտնում է Tert.am--ը, գրել է Mehr գործակալությունը:

Նա տարածաշրջանային պետություններին կոչ է արել միավորվել Վաշինգտոնի սպառնալիքների դեմ:

«Եթե մենք լռենք, ԱՄՆ-ն ավելի համարձակ ու ագրեսիվ կդառնա»,-ընդգծել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ լռությունը կվտանգի ողջ տարածաշրջանը:

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի ազգային ինքնիշխանությունը և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրաքում, ինչը հակասում է այդ երկրի անկախությանը:

«ԱՄՆ-ն նաև կազմակերպված ահաբեկչական գործողություն է իրականացրել մեկ այլ կառավարության դեմ և սպանել մեր մեծ սեր ու ժողովրդականություն վայելող ռազմական հրամանատարին, և եթե մենք լռենք, մենք մեծ սպառնալիքի առջև կկանգնենք»,-հավելել է նա:


© armedia.am