Համացանցում է հայտնվել ուկրաինական ինքնաթիռի խոցման տեսանյութը

10:49     15 հունվարի, 2020

New York Times թերթը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես պնդում են, արձանագրված է Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing 737-800–ի խոցման պահը: Տեսանյութում երևում է, որ ինքնաթիռին երկու հրթիռ են հարվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սկզբում մեկ հրթիռ է արձակվում ինքնաթիռի վրա, իսկ 30 վայրկյան անց՝ երկրորդը, ինչից հետո ինքնաթիռը դեռ մոտ մեկ րոպե օդում է մնում, հրդեհվում է ու սկսում ընկնել։

Տեսանյութը YouTube–ում  հունվարի լույս 14–ի գիշերը հրապարակել է Իրանից մի օգտատեր։ Տեսանյութը նկարահանվել է Թեհրանի մոտակայքում գտնվող Բիդկան գյուղից ոչ շատ հեռու գտնվող շենքի տանիքում տեղադրված տեսախցիկով։

Ավելի ուշ Reuters-ը, հղում անելով իրանական Fars գործակալությանը, հայտնել է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) ձերբակալել է տեսանյութի հեղինակին։ Իշխանությունը խոստացել է քննություն անցկացնել ու հրապարակել արդյունքները։


© armedia.am