Կատարը ուզում է միջնորդական դեր կատարել՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետ կապված։ Այս մասին Իրաքի արտգործնախարար Մուհամմեդ Ալ Խակիմի հետ Բաղդադում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի արտգործնախարար Մուհամմեդ Բին Աբդուլռահման Ալ Տանին։
Նրա խոսքերով՝ Կատարը լարվածությունը թուլացնելու նպատակով կապեր է հաստատում տարածաշրջանային և միջազգային երկրների հետ։ «Կատարը մի քանի բարեկամ երկրների հետ փորձում է նվազեցնել լարվածությունը։ Մենք միջազգային կապեր ենք հաստատել լրացուցիչ խորհրդակցությունների համար։ Այսօր մենք տեսնում ենք լարվածության նվազման նշաններ և հուսով ենք, որ դա կշարունակվի»։
«Մենք քննարկել ենք լարվածության նվազման ուղիները մեր տարածաշրջանում, և Իրանում ու Ամերիկայում մեր բարեկամների հետ ընդհանուր ու համատեղ ջանքեր ենք գործադրում»,- ասել է Ալ Խակիմը։
Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի հարվածներից հետո, որի հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։