ԱՄՆ-ը և Չինաստանը ստորագրել են առևտրային համաձայնագրի «առաջին փուլը»

00:28     16 հունվարի, 2020

ԱՄՆ-ը և Չինաստանը ստորագրել են առևտրային համաձայնագրի «առաջին փուլը»։ Փաստաթուղթը Սպիտակ տանը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ պետխորհրդի փոխվարչապետ Լի Հյուի կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին՝ նրան անվանելով «իր լավ ընկերը»։ Նա հայտարարել է առաջիկայում այցով Չինաստանում գտնվելու պատրաստակամության մասին։ Թրամփի խոսքերով՝ այս համաձայնագիրը պետք է 25 տարի առաջ ստորագրվեր։ Նա ասել է, որ համաձայնագիրը «պատմական» է և «աննախադեպ», այն համապատասխանում է ԱՄՆ-ի և Չինաստանի շահերին։

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ գործարքի հիմքում երկու տարվա ընթացքում ամերիկյան ապրանքների ներկրումը 200 մլրդ դոլարով ավելացնելու Չինաստանի խոստումն է, որպեսզի կրճատվի ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առևտրային բալանսի դեֆիցիտը, որը 420 մլրդ դոլարի իր գագաթնակետին է հասել 2018թ․։

Գործարքի «առաջին փուլի» շրջանակներում չեղարկվել են չինական արտադրության բջջային հեռախոսների, խաղալիքների և նոթբուքերի վրա ԱՄՆ-ի կողմից ծրագրված տուրքերը և երկու անգամ նվազեցվել է չինական մոտ 120 մլրդ դոլար կազմող այլ ապրանքների՝ հեռուստացույցների, անլար ականաջակալների և կոշիկի վրա տուրքերի սակագները։

 


© armedia.am