Քադիրովը հայտարարել է, որ իրեն ոչ ոք պաշտոն չի առաջարկել երկրի սահմաններից դուրս

23:09     20 հունվարի, 2020

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Գրոզնիում երկուշաբթի տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ իրեն ոչ ոք պաշտոն չի առաջարկել հանրապետությունից դուրս: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ես հետաքրքրված չեմ որևէ պաշտոնով Չեչնիայի Հանրապետության սահմաններից դուրս, և ոչ ոք ինձ դա չի առաջարկել, և ես նման առաջարկի համար առիթ չեմ տվել: Ես ուզում եմ կարիերաս ավարտել իմ հանրապետությունում»,- ասել է Քադիրովը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քադիրովը բուժում է ստանում և ժամանակավորապես երկրի ղեկավարի պարտականությունները փոխանցել է Չեչնիայի վարչապետին: Այս լուրի ֆոնին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նրան կարող են բարձր պաշտոն առաջարկել Չեչնիայից դուրս:

Քադիրովը կոչ է արել ասեկոսեներ չտարածել և ընդգծել է, որ ապագայում՝ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, իրեն տեսնում է Չեչնիայի ղեկավարին կից գործող Վետերանների խորհրդում: 


© armedia.am