ԱԺ պատգամավորներն ադրբեջանցի երգչի պահվածքի առնչությամբ նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ

16:47     21 հունվարի, 2020

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:

«Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը երգչուհի Աննա Նետրեպկոյի ամուսինն է, Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելու պատճառով: Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա»,- ասել է Մանուկյանը:


© armedia.am