Սարգսյան. ԵԱՏՄ երկրները կքննարկեն մի շարք հարցերով վետոյի իրավունքից հրաժարվելու հնարավորությունը

20:09     31 հունվարի, 2020

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես կառանձնացնեի սկզբունքային մի քանի հարց, որոնք մենք այսօր քննարկել ենք: Առաջինը, թե որ հարցերում է հնարավոր հրաժարվել վետոյի իրավունքից ու վերազգային մարմնին՝ Կոլեգիային փոխանցել գործառույթները»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե ազգային կառավարությունները պահպանեն վետոյի իրավունքը, ապա դա թույլ կտա պահպանել ազգային ինքնիշխանությունը, սակայն, եթե ցանկություն կա միությունը խորացնելու, ապա կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին:

Սարգսյանը նշել է, որ եթե ազգային կառավարությունները հրաժարվեն վետոյի իրավունքից, ապա դա կհանգեցնի վերազգային մարմնի պատասխանատվության մեծացմանը:


© armedia.am