ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տարակուսանք է հայտնել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության առնչությամբ, թե ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։ Այս մասին հայտնում է PanArmenian.net-ը:
ՀՌՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի:
Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի մասին ՀՀ ղեկավարության հայտարարությունների ֆոնին ՀՀ «ազգային անվտանգությանը սպառնացող» ռուսական հեռուստաալիքների մասին հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:
«Զարմանալի էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մեկնաբանությունից տեղեկանալ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համամիտ է նման մոտեցմանը:
Կցանկանայինք հիշեցնել, որ Հակոբյանի հետ դեսպանի միակ, բավականին վաղուց տեղի ունեցած զրույցում վերջինիս հնչեցրած «առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս» ունենալու մտադրությունն ընդամենն ի գիտություն է ընդունվել: Մինչդեռ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ հարկավոր է հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների կարծիքը, որոնք ռուսական հեռուստաալիքների մշտական հանդիսատես են»,- ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ: