ԱՄՆ պատրաստ է նավթ վաճառել Բելառուսին. պետքարտուղար

16:23     1 փետրվարի, 2020

Միացյալ Նահանգները պատրաստ է Բելառուսին անհրաժեշտ ծավալով էներգառեսուրսներ մատակարարել: Այդ մասին Մինսկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Էներգառեսուրսների մեր արտադրողները պատրաստ են 100 տոկոսով ապահովել նավթով՝ մրցակցային գներով»,- ասել է նա, հայտնում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ նավթի գնի շուրջ համաձայնության չգալուց հետո հունվարի 14-ին Բելառուսը նավթի գների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հայտ էր ուղարկել Ուկրաինային, Լեհաստանին, Բալթյան երկրներին, Ղազախստանին և Ադրբեջանին:

Այսօր Մինսկում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Տարածաշրջանային այցի ընթացքում նա արդեն իսկ եղել է Մեծ Բրիտանիայում և Ուկրաինայում, իսկ մինչև փետրվարի 4-ը պետք է այցելի նաև Ղազախստան և Ուզբեկստան:


© armedia.am