Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տարածել է Բաքվի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն

16:48     1 փետրվարի, 2020

Հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածել է  Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն, որին միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից և տարբեր քաղաքական խմբերից, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Մենք, ներքոստորագրյալներս, հայտարարում ենք.

1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղան կազմակերպված  հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսևորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղանդամվեցին, հետապնդվեցին և տեղահանվեցին: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված եղավ փախուստի դիմել Ադրբեջանից:

Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների և Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձևերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք և կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ:

Այս կապակցությամբ, մենք՝

- ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը,

- դատապարտում ենք ռասիզմի և այլատյացության ցանկացած դրսևորում,

- վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարևոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար,

- դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները և հրահրողները դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ:



© armedia.am