ԱԷՄԳ-ն Իրանի կողմից միջուկային գործարքի նոր խախտումներ չի գրանցել

11:15     6 փետրվարի, 2020

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նոր խախտումներ չի գրանցել այն պահից սկսած, երբ Թեհրանը հայտարարել է այդ համաձայնագրից շեղվելու 5-րդ փուլի մասին: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հինգերորդ քայլից հետո հետագա ոչ մի գործողություն չի եղել»,- ասել է նա: «Իհարկե, նրանք հարստացումը շարունակում են»,- խոստովանել է Գրոսին:

«Ես շարունակում եմ հետևել Իրանում տեղի ունեցողին»,- նշել է ԱԷՄԳ-ի տնօրենը: «Իհարկե, մենք մեր տեսչական ստուգումները մեխանիկորեն չենք կատարում, լսում ենք, թե ինչի մասին են խոսում, և պատրաստվում ենք ցանկացած հնարավոր հանգամանքի»,- հավելել է նա:

Իրանը հունվարի 5-ին հայտարարել էր 2015 թվականի միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման եզրափակիչ՝ 5-րդ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը նախատեսում է ԳՀՀԾ-ով հաստատված ուրանի հարստացման ցենտրիֆուգների թվի սահմանափակումից հրաժարում: Հունվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտնել էին, որ Իրանի գործողությունների պատճառով իրենց այլ ընտրություն չի մնում, քան ԳՀՀԾ շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկումը: Երկուշաբթի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել էր, որ եվրոպական երկրներն այդ մեխանիզմն առայժմ չեն գործարկել:


© armedia.am