Ռուզան Մանթաշյանը հանդես է եկել Դրեզդենի օպերային թատրոնում

14:14     9 փետրվարի, 2020

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես է եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:

Համերգը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Համերգին ելույթ են ունեցել նաև ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը, տենոր Յուսիֆ Էյվազովը և այլք:

Հունվարի 13–ին տեղեկություն էր տարածվել, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Համերգի կազմակերպիչները չեղարկել էին հայ երգչուհու ելույթը։

Քննարկումների արդյունքում Դրեզդենի Semper Opera Ball-ի տնօրինությունը օրեր անց որոշեց վերականգնել օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը։ Ռուզան Մանթաշյանը հաղթեց և կրկին հրավիրվեց ելույթ ունենալու:


© armedia.am