«Մահ Հայաստանին». Իրանում պանթյուրքական ֆաշիստները կրկին աչքի են ընկել իրենց հայատյաց արարքով

19:07     12 փետրվարի, 2020

Իրանում փետրվարի 11-ին նշվել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը: Երկրի տարբեր քաղաքներում և, իհարկե, մայրաքաղաք Թեհրանում անցկացվել են զանգվածային տոնական երթեր: Իրանցիները երթի ժամանակ վանկարկել են ավանդույթ դարձած «Մահ Ամերիկային» կարգախոսը: Մինչդեռ երթի մասնակիցներից մեկն այդ արտահայտության փոխարեն բացականչել է «Մահ Հայաստանին»!” (Marg bar Armanestan) կարգախոսը:

Ինչպես հայտնում է «Ինֆոտեկա24»-ը՝  ակնհայտ է, որ իրանցի թյուրքը մտադիր է եղել դրանով ինչ-որ սադրանք գործել, սակայն նա չի համարձակվել երկար ցուցադրել իրեն տեսախցիկների առջև, քանի որ, լսելով այդ խոսքերը, իրանցիներն, ամենայն հավանականությամբ, ֆաշիստին  «տեղը կդնեին»:

Բոլորին է հայտնի, որ Իրանում հայերն առանձնահատուկ, ջերմ ու հարգալից վերաբերմունք են վայելում ոչ միայն բնակչության, այլև Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից: Հայաստանը միշտ էլ միջազգային հարթակներում հարևան Իրանին աջակցել է նրա համար դժվարին իրավիճակներում, և Իրանը պատասխանել է երախտագիտությամբ ու փոխադարձ օգնությամբ, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի թյուրքական պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի մասին:

Ադրբեջանցի անջատականները՝ պանթյուրքական գաղափարախոսության կրողները, քիչ խնդիրներ չեն ստեղծում Իրանի համար՝ թշնամության ու ատելության մթնոլորտ բորբոքելով Իրանի ժողովրդի ու իշխանությունների նկատմամբ և սպառնալով երկրի անվտանգությանը:

«Վստահ ենք, որ հայատյացության նման դրսևորումն Իրանի մայրաքաղաքում չպետք է անպատիժ մնա, և երկրի իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն ադրբեջանցի սադրիչով»,-գրում է աղբյուրը:


© armedia.am