ԵՄ-ն Թուրքիային լրացուցիչ ժամանակ է տվել «սև ցուցակում» չներառելու համար

17:03     18 փետրվարի, 2020

Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիային լրացուցիչ ժամանակ տրամադրել հարկային ոլորտում ԵՄ պահանջներին համապատասխան թափանցիկություն և հրապարակայնություն ապահովելու համար, որպեսզի չհայտնվի հարկային «սև ցուցակում»: Այս մասին, ինչպես փոխանցում է ermenihaber-ը, հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական շրջանակները:

Նշվում է, որ չնայած ԵՄ-ի դիվանագետները պարբերաբար հայտնում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, այնուամենայնիվ, ԵՄ-ն «քաղաքական պատճառներով» չի ցանկանում Թուրքիային մտցնել հարկային սև ցուցակ, ուստի համաձայն է հարկային ռեժիմը բարեփոխելու համար ավելի շատ ժամանակ տալ:

 Աղբյուրի փոխանցմամբ` ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է. «Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան մի շարք հարցերում մեզ համար կարևոր նշանակություն ունի»: 

Reuters-ի տեղեկություններով՝ Անկարան պետք է օրենքներ ընդուներ, որոնք թույլ կտային մինչև 2019-ի տարեվերջ Եվրամիության հետ հարկային տեղեկությունների ավտոմատ փոխանակում կատարել:

Հիշեցնենք, որ ներկայումս ԵՄ-ի սև ցուցակում են շարունակում մնալ 8 պետություններ և տարածքներ՝ Ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Գուամը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադը և Տոբագոն, Վանուատուն:


© armedia.am