Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին

12:13     19 փետրվարի, 2020

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի ուղեկցությամբ փետրվարի 18-ին այցելել է Ամալիենբորգի թագավորական պալատ և առանձնազրույց ունեցել Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամական կապերի կարևորությունը և հույս հայտնել, որ դրանք կխորանան:

Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը և Արարատ Միրզոյանը երկուստեք կարևորել են Հայոց ցեղասպանության օրերին դանիացի երկու միսիոներների՝ Մարիա Յակոբսենի և Կարեն Եպպեյի նշանակալի դերակատարությունը հայ որբերի փրկության գործում, ինչն ընդհանուր հոգևոր կապ է ստեղծել երկու ժողովուրդների միջև:

Մարգրետե Երկրորդը, կարևորելով Հայաստանից նման բարձր մակարդակի պատվիրակության ժամանումը, հույս է հայտնել, որ այցը լուրջ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջև կապերի հետագա խորացման, մշակութային փոխանակումների և շփումների ակտիվացման համար: Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Ազգային ժողովին իրենց գործառույթների իրականացման մեջ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:


© armedia.am