Պաղեստինն ու Իսրայելը հրադադարի համաձայնության են հասել. Sky News Arabia

13:27     25 փետրվարի, 2020

Եգիպտոսի և ՄԱԿ միջնորդական ջանքերով պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են հրադադարի շուրջ, հայտնում է Sky News Arabia-ն:

Հեռուստակայանը հայտնում է, որ կողմերի միջև կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով կեսգիշերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի լույս գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսի արվարձաններին, որտեղ տեղակայված է պաղեստինցիների ռազմաբազան, և որտեղ, ըստ Al Hadath հեռուստաալիքի տեղեկությունների, մշակվում են հրթիռային զենքի նմուշներ, որոնք հետագայում արտադրվում են Գազայում և օգտագործվում Իսրայելի դեմ: Իսրայելական ավիացիան երկուշաբթի գիշերը հարձակվել է նաև Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» հետ կապված տասնյակ թիրախների վրա՝ ի պատասխան կիրակի կատարված հրթիռակոծության և անկլավի սահմանին ֆուգաս պայթեցնելու փորձի:

Անցյալ օրվա ցերեկը հարվածների փոխանակումը վերսկսվել է և շարունակվել մինչ պայմանավորվածության հասնելը: Իսրայելական բանակային մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին մեկ օրում արմատականները Գազայից Իսրայելի վրա արձակել են 40-ից ավելի հրթիռ, որից գրեթե կեսը որսվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի նախազգուշացրել է, որ Գազայից գնադակոծությունների շարունակման դեպքում հրեական պետությունը պատրաստ է այնտեղ ռազմական գործողություն սկսել անդորրը վերականգնելու համար:


© armedia.am