Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված որոշումը սիրիական Իդլիբում հրադադարի մասին և խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Իհարկե, ես ուրախ եմ հրադադարի կապակցությամբ: Սա լավ նորություն է և նախադրյալ է Իդլիբի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեսնենք, թե ինչպես սա կաշխատի»,- ասել է Բորելը խորվաթական Զագրեբում Սիրիայի հարցով ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպումից առաջ:
Պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք ժամանակը չէ շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց հիման վրա անհրաժեշտ է բարելավել շփումները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ: «Շատ թեմաներ կան, որոնք մենք պետք է բարելավենք, քննարկենք: Հենց այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք»,- պարզաբանել է Բորելը:
Հինգշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ են կայացել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի միջև` սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման վերաբերյալ: Հանդիպումից հետո համատեղ փաստաթուղթ է ընդունվել: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Աստանայի ձևաչափին» և հայտարարել են կեսգիշերից սկսած հրադադարի ռեժիմի մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են M4 մայրուղու համատեղ պարեկավորման մասին, որն այժմ գտնվում է զինյալների վերահսկողության տակ: