Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը. Ավստրիայի կանցլեր

18:58     6 մարտի, 2020

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը:

«Մենք այստեղ Հունաստանի վրա կազմակերպված գրոհի ենք ենթարկվում Թուրքիայի և նախագահ Էրդողանի կողմից… Դա պլանավորված և նպատակաուղղված գրոհ է, որը կառավարվում և կազմակերպվում է պետության կողմից: Եվրոպան չպետք է տեղի տա այդ ճնշմանը», - հայտարարել է Կուրցը «Funke» մեդիա խմբի հրատարակություններին տված հարցազրույցում՝ պատասխանելով հունա-թուրքական սահմանին 13 հազար փախստականների ճակատագրի վերաբերյալ հարցին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

Կուրցի կարծիքով, եթե այդ մարդիկ վերջ ի վերջո հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, հետագայում միգրանտների թիվը կտրուկ կաճի:

«Շուտով դրանք կլինեն հարյուր հազարներ, իսկ ավելի ուշ` միլիոններ: Ի վերջո մենք կարող ենք ստանալ նույնպիսի իրավիճակ, ինչպես 2015 թվականին», - ավելացրել է նա։ 

Կուրցը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր այժմ ժամանում են սահման, մեծամասամբ Սիրիայի պատերազմական տարածքներից փախչող փախստականներ չեն:  «Նրանց մեծ մասը միգրանտներ են, ովքեր տարիներ շարունակ բնակվում են Թուրքիայում: Այս մարդիկ Հունաստանում փախստականի կարգավիճակի իրավունք չունեն, քանի որ նրանց նկատմամբ Թուրքիայում հետապնդում չի իրականացվում»:


© armedia.am