Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի կառավարությանը կոչ է արել փոխել Ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշումը

14:27     18 մարտի, 2020

Նոր Զելանդիայի ազգային հեռուստատեսությունը լուսաբանել է այդ երկրում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կազմակերպած միջոցառումը` ուղղված Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին: Այս մասին գրում է asbarez.com կայքը, փոխանցում է Tert.am-ը:

Նշվում է, որ հայազգի ռոք աստղ Սերժ Թանկյանը միջոցառման շրջանակում խոսել է Նոր Զելանդիայի՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցող արտգործնախարար Ուինսթոն Պետերսի մասին:

Պետերսը, որը նաև Նոր Զելանդիայի փոխվարչապետն է, նամակ է հղել երկրի խորհրդարանի անդամներին, որում հաստատվում է Նոր Զելանդիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կատարվածը բնութագրում որպես «ողբերգություն», բայց ոչ ցեղասպանություն:
Նամակում Պետերսը խորհրդականներին կոչ է արել հարցի շուրջ որոշում կայացնելիս հաշվի առնել կառավարության այս դիրքորոշումը:

Միջոցառման ժամանակ Սերժ Թանկյանը պատմել է, թե ինչպես է Ցեղասպանություն վերապրածի թոռ լինելու փաստն ազդել իր կարիերայի վրա:

Թանկյանը Նոր Զելանդիայի կառավարությանը կոչ է արել փոխել դիրքորոշումը մարդու իրավունքների այս կարևոր հարցում և դադարել խոնարհվել Ցեղասպանությունը ժխտող օտարերկրյա բռնատիրության առաջ:

«Այստեղ խնդիրներ կան ցեղասպանություն եզրույթն օգտագործելու հարցում, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որ այդ բառն օգտագործվի»,-ասել է Թանկյանը:

Կազմակերպված միջոցառման ժամանակ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անդամները մեծ քանակությամբ նորզելանդացիների տեղեկացրել են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների մասին և բացատրել դրանց ճանաչման կարևորությունը:


© armedia.am