Ստամբուլում ժամանակավորապես դադարեցվում է հայկական «Մարմարա» թերթի տպագրությունը

13:47     19 մարտի, 2020

Ստամբուլում կորոնավիրուսի պատճառով փակվում է հայկական տպագիր մամուլի առաջին թերթերից մեկը` «Մարմարա»-ն: Այս մասին տեղեկացնում է թերթի խմբագրությունը: 

Կայքում ընթերցողներին ուղղված հայտարարությունում ասված է.

«Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, որպես զգուշության միջոցառում, խմբագրությունը որոշել է ժամանակավորապես ընդհատել «Մարմարա»-ի տպագրությունը և այն հրատարակել տնային աշխատանքի միջոցով` միայն համացանցային հարթակում:  Մեր ազգային հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին  և թերթի հետ կապ հաստատել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք մեր խմբագիրների հետ կապ հաստատել հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակների միջոցով:

Սրտանց մաղթում ենք, որ այս տագնապը գտնի իր շուտափույթ լուծումը և բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին»:

«Մարմարա»-ի խմբագիրը հայ գրող և հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը` նրա ընտանիքը: «Մարմարա»-ն լույս է տեսնում Ստամբուլում` 1940 թվականից, փոխանցում է News.am-ը:


© armedia.am