ՀՀ դրոշը հայտնվել է Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

16:21     19 մարտի, 2020

Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշ հանդիսացող Հիսուս Քրիստոսի 38 մետրանոց արձանի վրա երեկ նաև Հայաստանի Հանրապետության դրոշն է հայտնվել։ Տեղեկությունը լուսանկարին կից հրապարակել է «Հայ–բրազիլական մշակութային տնտեսական ֆորում» նախագծի Facebook–ի էջը։

«Նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը լուսավորվել է կորոնավիրուսի դեպքեր արձանագրած 166 երկրների պետական դրոշներով», – գրված է հայտարարության մեջ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

Տեղեկացվում է, որ արձանի մոտ Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար:

«Մենք աղոթում ենք կրկին միմյանց գրկելու և ուրախությամբ իրար ողջունելու համար: Սա պարզապես մեր հույսն է և մեր վստահությունը»,–ասել է կարդինալը:

Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մի քանի լուսանկարիչներ և օպերատորներ, քանի որ այս տեսարժան վայրը երեքշաբթի օրվանից փակ է այցելուների համար:




© armedia.am