ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից

11:18     20 մարտի, 2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում արցախյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ընդգծելով, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցնելու հանգամանքը՝ համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են անում կողմերին վերահաստատել իրենց հավատարմությունը հրադադարը խստորեն պահպանելու հանձնառությանը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի մեծացնել լարվածությունը:

Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու էսկալացիայի ռիսկը՝ այդ թվում առավելագույն կերպով օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով միմյանց և կողմերի հետ»:


© armedia.am