Եվրոպական միությունը մարտի 31-ին հայտարարություն է տարածել Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակները, որոնցում ընթանում են այդ ընտրությունները»:
«Այդ իրադարձությունը չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի կամ բանակցային գործընթացի արդյունքի վրա», - ասվում է հայտարարությունում: Եվրամիությունն իր աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և մասնավորապես «համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից դուրս առաջընթաց գրանցելուն և համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված առարկայական բանակցային գործընթացին (substantive negotiations)»: ԵՄ նաև պատրաստակամություն է հայտնում աջակցելու հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման ջանքերին:
Նշենք, որ Արցախում ընտրությունների վերաբերյալ ԵՄ այս հայտարարությունը, ընդհանուր առմամբ, վերահաստատում է Արցախում նախագահական և խորհրդարանական նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵՄ արտահայտած դիրքորոշումը, սակայն մի շատ էական տարբերությամբ: Եվրոպական միությունը սկսել է կարևորել Ղարաբաղյան կարգավորման համատեքստում սուբստանտիվ բանակցությունները:
Այսպես, 2012 թվականին նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունում, աջակցություն հայտնելով ՄԽ համանախագահների ջանքերին՝ ԵՄ-ն կողմերին կոչ էր անում «ակտիվացնել իրենց ջանքերը բանակցությունների միջոցով հակամարտության Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորում գտնելու ուղղությամբ, ինչը թույլ կտար դուրս գալ առկա ստատուս քվոյի սահմաններից»:
2015 թվականի խորհրդարանական ընտրութունների վերաբերյալ հայտարարությունում էլ ընդգծվում էր. «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և վերջինի համանախագահների ջանքերին՝ ստատուս քվոյի սահմաններից դուրս առաջ ընթանալու և համապարփակ խաղաղ բանակցություններ վարելու համար»:
Տարիներ շարունակ Ադրբեջանը ջանքեր է գործադրել Ղարաբաղյան կարգավորման տերմինաբանության մեջ մտցնելու և ամրապնդելու «սուբստանտիվ բանակցություններ» եզրույթը: Դրա ներքո Բաքուն փորձել է առաջ մղել իր համար շահեկան մոտեցումները, այդ թվում՝ բանակցային գործընթացն ամբողջական փաթեթից տարրալուծելը կոնկրետ հարցերի շուրջ առանձին բանակցային ուղղությունների: Սակայն, այս հարցում բավականին երկար ժամանակ Բաքուն հաջողություն չէր ունենում: Այժմ ԵՄ հայտարարության մեջ այս ձևակերպման ամրագրումը վկայում է Բրյուսելի հետ աշխատանքում մեր բացթողումների մասին, որոնք կարող են նաև ավելի լայն դրսևորում ստանալ հակամարտությանը ԵՄ մոտեցումների համատեքստում։