Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է. ՌԻԱ Նովոստի

12:04     6 ապրիլի, 2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

«Ջոնսոնը շտապ հոսպիտալացվել է, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին են միացնելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնին բուժող բժշկի հանձնարարականով տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ հաղորդման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է բարձր ջերմություն ունենալ և հազում է։ Սակայն Դաունինգ սթրիթում հավաստիացրել են, որ Ջոնսոնը շարունակում է գլխավորել կառավարությունը և կապի մեջ է նախարարների կաբինետի հետ:

«Սա նախազգուշական քայլ է, քանի որ վարչապետը վիրուսի դրական թեստից տասն օր անց շարունակում է կորոնավիրուսի կայուն ախտանիշներ ունենալ»,-ասել է նրա մամուլի քարտուղարը:

Բորիս Ջոնսոնի՝ COVID-19-ով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ Չնայած հիվանդությանը՝ նա շարունակում է ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը։


© armedia.am