Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության համար ընդհանուր վնասը երկու տարվա ընթացքում ավելի քան 5 տրիլիոն դոլար կկազմի: Այսպիսի փորձագիտական գնահատականներ է չորեքշաբթի օրը ներկայացրել Bloomberg գործակալությունը, փոխանցում է РБК-ն:
Հրապարակման մեջ նշվում է, որ «աշխարհը մտնում է 1930-ական թվականներից ի վեր խաղաղ ժամանակներում ամենախորը ռեցեսիայի մեջ` հաշվի առնելով, որ վիրուսի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց` մնալ տանը»: «Չնայած անկումը, կանխատեսումների համաձայն, տևական չի լինի, տնտեսություններին ժամանակ կպահանջվի կորուստները վերականգնելու համար», - շեշտվում է հոդվածում:
Հոդվածում մեջբերվում է Citigroup բանկային ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքը: Ըստ նրա` համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:
Ամերիկյան Morgan Stanley բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային մակարդակի միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում: