Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանի հետ:
- Տիկին Հակոբյան, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ դիմում են ներկայացրել՝ հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ Ի՞նչպես եք գնահատում այս քայլը:
- Ես և՛ զարմացած եմ, և՛ իհարկե՝ ոչ: Զարմացած չեմ, որովհետև Թուրքիայի պետական քաղաքականությունն է դա եղել միշտ և նաև՝ Ադրբեջանի՝ Խորհրդային միության տարիներից սկսած: Ի դեպ, այն ժամանակ, թեև նույն Խորհրդային միության մեջ էին և՛ Հայաստանի խորհրդային հանրապետությունը, և՛ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը, դարձյալ Ադրբեջանը հետևողականորեն յուրացնում էր այն, ինչն իրավամբ պատկանում էր հայկական մշակույթին: Դա հատկապես վերաբերում է գորգարվեստին և երաժշտությանը: Եվ հայկական կողմը թեև միշտ պայքարի մեջ էր, բայց ի վերջո պարտված էր, քանի որ Խորհրդային միության կողմից իրականացվում էր մշակութային համահարթեցման քաղաքականություն, որպեսզի տասնհինգ հանրապետություններից ոչ մեկը հանկարծ շահեկանորեն չառանձնանար: Այդ պայմաններում Ադրբեջանը, որն արհեստական կազմավորված հանրապետություն էր և, բնականաբար, չէր կարող սեփական մշակույթ ունենալ, շահում էր, իսկ Հայաստանը տուժում էր շատ:
- Ինչպես հայտնի է, հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է դեռևս 2008 թվականին։ Հետևաբար՝ ինչի՞ հիման վրա են Թուրքիան և Ադրբեջանը նմանատիպ հայց ներկայացրել և ի՞նչ ընթացակարգով է տեղի ունենալու հայցի քննարկումը:
- Որքան գիտեմ, իրենք ներկայացրել են «Բալաբան» կոչվող գործիքը: Եվ այդ անունով գործիք՝ որպես մշակութային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, երևի, ճանաչված չկա: Բալաբանը նաև տեղանուն է Արևմտյան Հայաստանում: Ինչևէ, ինչ գործիք ուզում է ներկայացրած լինեն, նրանք չեն կարող որևէ երաժշտական գործիքի հեղինակ լինել: Ես շատ հստակ ուզում եմ ասել, որ մշակույթ ստեղծում են բնիկ, հազարամյակներով իրենց հայրենի հողի վրա ապրող և ստեղծագործող, հայրենի բնաշխարհից սնուցվող ժողովուրդները պետության պայմաններում: Մշակույթը ստեղծվում է հազարամյակների ընթացքում: Քոչվոր ժողովուրդները մշակույթ, այն էլ գեղարվեստական մշակույթ ստեղծել չեն կարող: Դա տեսականորեն անհնարին է: Պատմության մեջ վեց հարյուր տարին ակնթարթ է, խոսքը Թուրքիայի մասին է, և դա նրանց ղեկավարները շատ լավ գիտեն: Թեև պետք է ասել, որ նրանք շատ մեծ ձգտում ունեն ազգ դառնալու, որը նրանց, իհարկե, ուժ է տալիս: Բայց մշակույթ ստեղծել նրանք, միևնույն է, երբեք չեն կարող, անգամ այն դեպքում, երբ այդքան ձուլել են իրենց մեջ մշակութային ազգերի: Հետևաբար, ինչպես Ադբեջանը, այդպես էլ Թուրքիան չեն կարող հավակնել որևէ գեղարվեստական ժառանգության հեղինակ լինելու, իսկ երաժշտական գործիք ստեղծելու համար պետք է հազարամյակների պատմությամբ մշակութային ազգ լինես և ոչ թե քոչվոր ժողովուրդ, որն ընդամենը վեց հարյուր տարվա պետություն ունի, մի պետություն, որը կառուցված է քաղաքակրթություն վերացնելու և ուրիշի մշակույթները սեփականացնելու վրա: Դա է իրենց ինքնությունը: Խոսքը, իհարկե, առաջին հերթին Թուրքիային է վերաբերում: Իսկ Ադրբեջանի դեպքում դա էլ չենք կարող ասել:
- Նման պարագայում ի՞նչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեն հայաստանյան համապատասխան մարմինները։
-Անշուշտ այս հարցում հայկական կողմի պատասխանը պետք է լինի առաջին հերթին անվիճարկելի փաստերի վրա հիմնված, բայց նաև՝ շատ կտրուկ և զայրացած: Շատ կարևոր է կարողանալ զայրույթը ցույց տալ, երբ դրա անհրաժեշտությունը կա: Բայց, ցավոք սրտի, այդպիսի բան երբևէ չի եղել: Մեր դիվանագիտությունը չունի սեփական ձեռագիր: Ինչ վերաբերում է Ձեր նշած կանխարգելիչ քայլերին, այսինքն, որպեսզի չլինենք ինչպես միշտ պաշտպանվողի և պատասխանողի դերում, դրա համար պետք է ունենալ սեփական մշակութային քաղաքականություն՝ հզոր գործառույթներ ունեցող մշակույթի նախարարությամբ:
- Եվ, այդուհանդերձ, տարօրինակ չէ՞, որ այս խառը օրերին նրանք այդպիսի հարցերով են զբաղված:
- Ոչ, տարօրինակ չէ: Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն իրենց միշտ ավելի լավ են զգում պղտոր ջրում: Պատահական չէ, որ հենց այս օրերին, երբ բոլորը համաճարակով են զբաղված, նրանք փորձում են ինչ-որ բան շահել: Իհարկե, հավանաբար դա նախապես՝ ամիսներ կամ տարիներ առաջ է նախապատրաստված եղել, բայց միևնույն է նրանք մտածում են, որ հիմա ճիշտ ժամանակն է: Հիմա, երբ աշխարհը և Հայաստանն ամբողջովին կլանված են համաճարակի խնդիրների մեջ, նրանք մտածում են, որ կարելի է ավելի մնայուն և կարևոր հարցեր լուծել, քան կորոնավիրուսն է, որն, ինչպես եկել է, այդպես էլ կգնա: Նրանք փորձում են այս իրավիճակից օգտվել:
Ի դեպ ուզում եմ այս առիթն օգտագործել և ասել, որ «ոչ նյութական մշակութային ժառանգություն» եզրույթը սխալ եզրույթ է: Պետք է, երբ խոսքը վերաբերում է մշակույթին լայն առումով, գործածել պարզապես «մշակույթ» եզրույթը, երբ գեղարվեստական ժառանգությանն է վերաբերում և երբ ուզում ենք դա շեշտել, կարելի է գործածել «գեղարվեստական մշակույթ» եզրույթը: Կա նաև «սոցիոմշակույթ», որը կյանքի մշակույթն է, այն, ինչի մասին հիմա ավելի շատ են խոսում: Բայց գեղարվեստական մշակույթը կամ բարձր մշակույթը՝ արվեստները, մշակույթի սերուցքն է. դա միշտ պետք է հիշել: