Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ տարածքում ապրանքների մաքսատուրքերի զրոյացման մասին

15:53     14 ապրիլի, 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ տարածքում համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների մաքսատուրքերի զրոյացման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը համաձայնել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման համար «կանաչ միջանցքների» պրակտիկայի ընդլայնման գաղափարի հետ:

Նախագահը հայտարարել է կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար արտակարգ միջոցներ ընդունելու անհրաժեշտության մասին: Այս մասին պետության ղեկավարն ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների` տեսակոնֆերանսի ձևաչափով աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Իսկապես արտակարգ միջոցներ են անհրաժեշտ` վարակի տարածումը դադարեցնելու համար», - ասել է նախագահը:

Պուտինը նշել է, որ համաճարակի դեմ պայքարում չափազանց կարևոր է բոլոր երկրների համագործակցությունը, այդ թվում` ԵԱՏՄ ձևաչափով: Ռուսաստանը կշարունակի կորոնավիրուսի դեմ պայքարի փորձի փոխանակումն այլ երկրների հետ, նշել է ՌԴ նախագահը:


© armedia.am