Դանիան եվրոպական առաջին երկիրն է, որն այսօրվանից սկսել է բացել դպրոցներն ու մանկապարտեզները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 12-ին սահմանափակումներ մտցնելուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Գործակալության տեղեկություններով՝ ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են պատրաստ եղել ապրիլի 15-ից աշխատելուն. սկսել է աշխատել հաստատությունների միայն 35 տոկոսը, իսկ ամբողջ երկրում պարապմունքները սկսվել են 98 կոմունայից միայն կեսում: Մնացյալը ավելի շատ ժամանակ են խնդրել, սանիտարական նորմերին հարմարվելու համար, որոնք շարունակում են գործել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեխաները հաստատությունների ներսում պետք է միմյանցից մեծ հեռավորությամբ լինեն, մաքրության պահպանման հսկողությունն ավելի խիստ է լինելու, իսկ հիվանդության չնչին նշանի դեպքում երեխան անմիջապես տուն է ուղարկվելու:
Սպասվում է, որ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները բացվելու են ապրիլի 20-ին:
Դանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 4 647-ի: Հիմա հիվանդանոցներում են 503 վարակակիրներ, 135-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են, մահացել է 187 պացիենտ: