Սերժ Սարգսյանը հորդորել է Խաչատուրովին ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

21:01     16 ապրիլի, 2020

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի` Ապրիլյան քննիչ հանձնաժողով չներկայանալն անհասկանալի է ոչ միայն հանձնաժողովի, այլև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար։ Հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներին այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Սերժ Սարգսյանի հետ քննարկման ժամանակ ասացինք, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, ինչն Սարգսյանն էլ ընդունեց։ Նա ասաց, որ խոսել է Խաչատուրովի հետ և հորդորել ներկայանալ նիստին»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով` ճիշտ կլինի, որ Խաչատուրովը ներկայանա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական լինի պատկերը։

Լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում հանձնաժողովը նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին հրավիրել նիստերից մեկին` Քոչարյանը պատասխանեց, որ Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։




© armedia.am