Խորհրդային Ադրբեջանի գերբի հեղինակն ազգությամբ հայ Ռուբեն Շխյանն է

17:03     20 ապրիլի, 2020

Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցի պատմաբանները փորձում են ստեղծել երկրի նոր պատմություն՝ ամեն կերպ զրոյացնելով հայերի դերը Ադրբեջանի ձևավորման և զարգացման գործում: Ադրբեջանական մշակութային ժառանգության պատմության գրքերում հայկական հուշարձանների մասին տեղեկությունները պարբերաբար անհետանում են, իսկ ադրբեջանցի «գիտնականների» հոդվածները շարունակաբար ուղեկցվում են պատմական աղավաղումներով:  Այնուամենայնիվ, հայտնի փաստ է, որ հայերն առաջատար տեղ են զբաղեցրել Ադրբեջանի սոցիալական, մշակութային և գործարար կյանքում:

Ադրբեջանում շատ բաներ առաջին անգամ ներմուծել են հենց հայերը:

Օրինակ՝ առաջին տպարանը Բաքվում բացվել է հայերի կողմից, իսկ հրատարակված գրքերը լույս են տեսել ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և եվրոպական լեզուներով, 20-րդ դարի սկզբին Մայիլով եղբայրներն առաջին անգամ Բաքվում կառուցել են օպերայի շենք՝ այժմ Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ադրբեջանը ներկայացնող առաջին աշխարհի չեմպիոնը եղել է հայազգի ըմբիշ Արտեմ Տերյանը: Բացի այս հայտնի փաստերից, կան նաև համամատաբար ավելի քիչ լուսաբանվող իրողություններ:

Դրանցից մեկը շատ խորհրդանշական է թվում. Ադրբեջանի ԽՍՀ պետական ​​գերբը հեղինակել է գրաֆիկական նկարիչ Ռուբեն Շխյանը:

Ռուբեն Շխյանն Ադրբեջանի հեղափոխական արվեստի աշխատողների միության անդամ էր: Խորհրդային Ադրբեջանի զինանշանը պատկերում է մուրճն ու մանգաղը,  նավթային աշտարակը ծագող արևի ֆոնին, որը մակագրված է և ադրբեջաներեն և ռուսերեն. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետություն», «Բոլոր երկրների աշխատողներ, միացե՛ք»: Գերբի վերին հատվածում պատկերված է հնգանկյուն աստղ:

Ռուբեն Շխյանի  հայտնի աշխատանքներից է նաև Վլադիմիր Լենինի 3 մետր բարձրությամբ ռելիեֆային դիմանկարը (Վլադիմիր Ինգալի համահեղինակությամբ) Կիսլովոդսկում, որի բացմանը ներկա են եղել Ն.Կ. Կրուպսկայան, Մ.Ի. Ուլյանովան, Ն.Ա. Սեմաշենկոն:

Միևնույն ժամանակ, չնայած Շխյանի նման հայտնի արվեստի գործերին, նրա մասին շատ քիչ տեղեկություն է պահվել: Կամ ինքը Շխյանն է կյանքի ընթացքում չափազանց համեստ եղել, կամ Ադրբեջանի ժամանակակից պատմաբանները ջանք չեն խնայել…


© armedia.am