ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը պատասխանել է վերակառուցումը գործարկելիս հստակ ծրագրի բացակայության վերաբերյալ մեղադրանքներին. «գնացքների հստակ ժամանակացույց» չկար և չէր էլ կարող լինել, բայց մենք գիտեինք՝ ինչ ուղղությամբ գնալ:
Հինգշաբթի լրանում է ուղիղ 35 տարի ԽՄԿԿ ԿԿ ապրիլյան պլենումի անցկացման օրվանից: Դրանից կարճ ժամանակ առաջ ԿԿ գլխավոր քարտուղար դարձած Գորբաչովը հռչակել էր վերակառուցման և արագացման կուրսը: Նրան հաճախ անվանում են վերակառուցման «հայրը»:
«Ես հատուկ այս տարելիցի նախօրյակին վերընթերցեցի պլենումի ժամանակ իմ զեկույցը: Քանի որ մեզ անընդհատ մեղադրում են, որ վերակառուցումը սկսել ենք առանց պլանի, առանց ծրագրի: Այո՛, մենք չունեինք, այդ ժամանակ չէինք էլ կարող ունենալ «գնացքների հստակ ժամանակացույց», բայց զեկույցը վերընթերցելով՝ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք գիտեինք՝ ինչ ուղղությամբ գնալ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գորբաչովը՝ հիշելով վերակառուցման մեկնարկը:
Նա նշել է, որ մարդիկ աջակցել են փոփոխությունների անհրաժեշտությանը:
«Մենք դիմել ենք ոչ միայն կուսակցությանը, այլև ամբողջ հասարակությանը»,- նշել է Գորբաչովը: