Հայաստանն ավարտել է եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը

20:25     7 մայիսի, 2020

2019 թ-ը ՀՀ պաշտպանության ոլորտի համար լրջագույն ձեռքբերումների տարի է եղել: Այսօր ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը, հաղորդում է Sputnik Արմենիան:

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերվել գերժամանակակից կործանիչ ավիացիա: ՀՀ զինված ուժերն առաջին անգամ հնարավորություն ունեն իրենց մարտական գործողությունները պլանավորելիս չունենալ հակառակորդի տարածքում որևէ անհասանելի կետ: ՀՀ զինված ուժերն ավարտին են հասցրել եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը և Ս300 համակարգերի հետ միասին՝ մեր ՀՕՊ միջոցներն ունակ են խոցելու հակառակորդի ցանկացած թիրախ», - ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ անցած տարվա նշանակալի ձեռքբերումներից են նաև Тор-М2КМ և Оса-АК զենիթահրթիռային համալիրները:

Բացի այդ, տարվա ընթացքում ինժեներական լուրջ աշխատանքներ են իրականացվել առաջնագծում, որոնք շարունակվում են նաև այս տարի:

Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը, պատգամավորը շեշտեց, որ Հայաստանն այսօր սեփական արտադրության զենք և սպառազինություն ունի, ինչը մի քանի տարի առաջ հեռավոր երազանք էր թվում:




© armedia.am