ՌԴ ԱԳՆ-ն հուսով է առաջիկայում համաձայնեցնել Հայաստանի հետ կենսանվտանգության մասին փոխըմբռնման հուշագիրը

20:34     8 մայիսի, 2020

Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Հայաստանի հետ կենսանվտանգություն ապահովելու հարցում երկկողմանի միջկառավարական փոխըմբռնման հուշագրի շուրջ և հուսով է, որ բանակցությունները կավարտվեն առաջիկայում: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք հույս ունենք, որ հուշագրի շուրջ բանակցություններն առաջիկայում կավարտվեն»,-ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը համոզված է, որ այդ փաստաթղթի ստորագրումն ու դրա դրույթների իրականացումը դրական կանդրադառնա ոչ միայն երկու երկրների ժողովուրդների սանիտարահիգիենիկ բարեկեցության, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքի վրա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չստորագրված պայմանավորվածությունների մանրամասներն այդպիսի զգայուն հարցում ենթակա չեն հանրայնացման:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ այդ հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է միջպետական համաձայնեցման գործընթացում, որը հետաձգվում է կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ:


© armedia.am