Եվրամիությունը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերության»՝ ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմ չունեցող անդամ երկրների հետ տվյալ հարցով բանակցություններ կսկսի միայն որոշակի պայմանների կատարման դեպքում: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը՝ մայիսի 11-ին ԵՄ խորհրդի՝ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ընդունած հրամանագրին հղումով, փոխանցում է Tert.am-ը:
ԵՄ կարճատև այցեր կատարելու նպատակով անայցագրային ռեժիմից օգտվում են «Արևելյան գործընկերության» 6 երկրներից երեքը` Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտքի համար այցագրեր են անհրաժեշտ:
Խորհուրդն ընդգծել է, որ այցագրերի ազատականացման գոյություն ունեցող ծրագրերն իրականություն դարձնելու համար կարևոր է կատարել այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի կետերն ու համապատասխանել չափանիշներին:
«Եթե պայմանները թույլ տան, ապա առաջիկայում ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմ չունեցող ԱլԳ երկրների հետ կքննարկվի այցագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը»,-ասված է հրամանագրում:
Բացի այդ, հրամանագրում մտահոգություն կա որոշ գործընկեր երկրների քաղաքացիների կողմից ապաստան ստանալու հարցով դիմումների մեծ քանակի առնչությամբ: