Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը, փոխանցում է News.am-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը և այն քայլերը, որոնք կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո առաջիկա ամիսներին կնախաձեռնվեն այս ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են որոշել COVID-19 համավարակի մեղմացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման ժամկետները և վայրը, ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: