ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից. ՌԻԱ Նովոստի

07:31     24 մայիսի, 2020

 

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, որը հայտարարել էր  COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին, հայտարարել է  Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Այդ մասին գրում է РИА Новости-ն, փոխանցում է Aysor.am-ը։

«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին մեկնաբանվել, վրդովվեցրել են վրացի գործընկերներին, և որ այդ կապակցությամբ նրանք  ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց  դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», - ասել է Զալկալիանին լրագրողներին:

«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը», - հավելել է  Զալկալիանին:

Հիշեցնենք՝ Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չէր ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել։

 


© armedia.am