ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները․ Թրամփ

14:25     30 մայիսի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Որոշումը Թրամփը բացատրել է նրանով, որ ԱՀԿ-ն հրաժարվել է կատարել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 մլն դոլարի չափով, կուղղի ամբողջ աշխարհում առողջապահական հրատապ կարիքների բավարարմանը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերջնականապես կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումն ու կվերանայի իր անդամակցությունը, եթե 30 օրում ԱՀԿ-ն չերաշխավորի բարեփոխումների անցկացում, որոնք պահանջում է Վաշինգտոնը։

Սպիտակ տան առաջնորդը հավելել էր, որ չի կարող թույլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսավորել կազմակերպությանը, որն ներկայումս ակնհայտորեն չի ծառայում ԱՄՆ-ի շահերին։


© armedia.am