Ղրղզստանը ԵԱՏՄ-ին բոյկոտով է սպառնում՝ Ղազախստանի հետ սահմանին ունեցած խնդիրների պատճառով

15:55     9 հունիսի, 2020

Բիշքեկը սպառնում է ԵԱՏՄ-ից հետ կանչել իր ներկայացուցիչներին ու բոյկոտել միության աշխատանքը, եթե Ղազախստանի հետ խնդիրները չլուծվեն: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովին:

«Այսօր տեղի կունենա սահմանային խնդիրների հարցով ԵԱՏՄ նիստը: Մենք հիմա գործում ենք ըստ օրակարգի: Մենք ազդեցության վերջին մեխանիզմն ունենք, այն է` հետ կանչել մեր նախարարներին: Այդ ժամանակ քվորում չի լինի և ոչ մի որոշում էլ չի ընդունվի»,-ընդգծել է Մուկանբետովը:

Մայիսի վերջին Ղազախստանն ուժեղացրել էր հսկողությունը Ղրղզստանի հետ սահմանին, ինչը հանգեցրել է այնտեղ շուրջ 100 մեծ բեռնատար մեքենաների կուտակմանը: Կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում և ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Հունիսի 8-ին երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են այս հարցը: Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը Ղազախստանին կոչ է արել հետևել ԵԱՏՄ գործող նորմերին:


© armedia.am