Իրանը Հրվ. Կորեայից պահանջում է փոխանցել բանկերում սառեցված 7 մլրդ դոլարը

13:00     10 հունիսի, 2020

Իրանն ուժեղացնում է Հարավային Կորեայի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ պահանջելով փոխանցել նավթի վաճառքից գոյացած միլիարդավոր դոլարները, որոնք սառեցված են բանկերում, հաղորդում է Bloomberg-ը:

Թեհրանը պնդում է, որ Սեուլը տրվում է դաշնակից Վաշինգտոնի ճնշմանն ու ապօրինաբար չի փոխանցում գումարները, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար: 

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին նշել է, որ հարավկորեական բանկերի գործողությունները թույլ չեն տալիս իրանական կողմին առևտրով զբաղվել, պարեն և դեղորայք գնել:

«Պարզապես զզվելի է տեսնել՝ ինչպես են կորեական բանկերը հեշտորեն անտեսում իրենց պարտավորությունները, միջազգային ֆինանսական համաձայնագրերն ու փոխարենը քաղաքականություն են խաղում՝ հետևելով ԱՄՆ-ի ապօրինի և միակողմանի պատժամիջոցներին»,-ասել է ԿԲ ղեկավարը՝ չբացառելով բանկերի դեմ հայցերի ներկայացումը:

Իրանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հարավկորեական բանկերում մոտ յոթ մլրդ դոլարի չափով գումար է սառեցված:


© armedia.am