Թրամփը ոստիկանության բարեփոխման մասին հրամանագիր է ստորագրել

22:39     16 հունիսի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության բարեփոխման մասին հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է ոստիկանների ատեստավորման ու վերապատրաստման ծրագրերի կատարելագործում և հոգեկան առողջության պահպանման ոլորտում ռեսուրսների ընդլայնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հրամանագրի ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում Թրամփն ընդգծել է, որ ամերիկյան հասարակությունը պետք է աջակցի ոստիկանական համազգեստով քաջ տղամարդկանց և կանանց՝ միաժամանակ նշելով հասարակության առջև ոստիկանության հաշվետու լինելու անհրաժեշտությունը և նրա պրոֆեսիոնալիզմի ու բարոյական չափանիշների բարձրացման կարևորությունը:

Թրամփը հայտարարել է, որ վճռականորեն դեմ է ոստիկանության վարչություններին ֆինանսավորումից զրկելու առաջարկություններին:

«Ամերիկացիները գիտեն ճշմարտությունը՝ առանց ոստիկանության քաոս է տիրում, առանց օրենքի անարխիա է սկսվում»,- հիշեցրել է նախագահը: 


© armedia.am