Ոստիկանության պետի հանձնարարությամբ լրագրողներին հրելու, քաշքշելու մասին մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի

10:37     17 հունիսի, 2020

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:

Հարգելի լրագրողնե՜ր:

Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:

Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»:


© armedia.am