«Եդինայա Ռոսիա» կուսակցությունից հույս են հայտնում, որ Ծառուկյանի շուրջ կոնֆլիկտը շուտափույթ լուծում կստանա

23:30     18 հունիսի, 2020

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ կոնֆլիկտի առնչությամբ և հույս հայտնել, որ այն շուտափույթ լուծում կստանա՝ օրենքի խիստ պահպանմամբ, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Ելնում ենք այն բանից, որ ժողովրդավար պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի իրականացվելու ոչ իրավական մեթոդներով և ցանկանում ենք, որ մեր հայ գործընկերները շուտափույթ դուրս գան առաջացած կոնֆլիկտից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից շատ հեռու», - ասված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային գործունեության հարցերով գլխավոր խորհրդի նախագահության հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է Aysor.am-ը՝ հղում կատարելով РИА Новости-ին:

Ուղերձում նշվում է նաև, որ «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են՝ «ի շահ երկու երկրների ժողովուրդների»:

Նշենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։


© armedia.am