Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում առցանց համերգ կներկայացվի՝ նվիրված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին

12:16     22 հունիսի, 2020

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի  Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Համերգային ծրագրի  տեսաձայնագրությունը թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացվի հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին:

Համերգին մասնակցում է Կաունասի պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Պետրաս Բինգելիսի ղեկավարությամբ և թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Մեներգիչներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը,
տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը և բաս
Զոհրաբ Զոհրաբյանը:

Համերգը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 8-ին: 

Երեկոն նվիրված էր երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Պետրաս Բինգելիս) ստեղծագործական գործունեության 50-ամյակին, և նախագիծն իրականացվել էր մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


© armedia.am