Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ. Հրայր Թովմասյան

14:36     23 հունիսի, 2020

ՀՀ գործող սահմանադրությամբ սահմադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ ՍԴ-ն նման նախագիծ չի քննարկել։ Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ» - ասաց Հրայր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակներում ներպետական համակարգում անձը չունի դատական պաշտպանության իրավունք։

Թովմասյանն ասաց, թե չի ծանոթացել նախօրեին ԱԺ-ի ընդունած նախագծին և ՍԴ-ն այդ փաստաթուղթը չի ստացել։

Հիշեցնենք՝ խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Նախագծով փոփոխությունների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածները։


© armedia.am