ԱՄՀ-ն Հայաստանին զգալի արժութային միջոցներ կտրամադրի COVID-19-ի հետեւանքների դեմ պայքարի համար

15:18     24 հունիսի, 2020

Արժույթի միջազգային հիմնադրամը 2019 թվականի մայիսին Հայաստանի համար հաստատել էր 248,2 մլն դոլարի եռամսյա պահուստային ծրագիրը հիմնարար տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների անցկացման նպատակով: Այս մասին հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառությունների մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության հարցի քննարկման ժամանակ, որը Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի մեջև ստորագրվել էր 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին, փոխանցում է news.am-ը:

Նա նաև հայտնեց, որ 2020 թվականի մայիսի 18-ին Հիմնադրամի Տնօրենների խորհուրդը ծրագիրը երկրորդ անգամ է վերանայել, որից հետո հաստատվել է, որ Հայաստանը կարող է օգտվել 105 մլն դոլար ընդհանուր գումարով փոխառության միջոցներից: «Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հաստատել է նաև 175 մլն դոլար լրացուցիչ ներգրավելու հայտը»,- ասաց Հայրապետյանը:

Դրանից բացի, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել միջոցների օգտագործման շուրջ, որոնք նախատեսված են պահուստային ծրագրի շրջանակում՝ որպես ուղղակի բյուջետային աջակցություն կորոնավիրուսի նոր համաճարակի հետևանքների մեղմացման սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Ներկայումս Հայաստանին հասանելի են ընդհանուր առմամբ մոտ 280 մլն դոլարի միջոցներ, իսկ ծրագրի երրորդ վերանայման արդյունքում կհատկացվի ևս 35 մլն դոլար»,- հավելեց փոխնախարարը:


© armedia.am