ՄԱԿ-ում Իսրայելին նախազգուշացրել են պաղեստինյան տարածքների բռնակցման ծանր հետևանքների մասին

17:38     29 հունիսի, 2020

Պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական Է, և Իսրայելը պետք Է հրաժարվի նմանօրինակ պլաններից: Այդ մասին հունիսի 29-ին Ժնևում հայտարարել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսար Միշել Բաչելետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բաչելետն ընդգծել Է, որ բռնակցումն աղետալի հետևանքներով Է հղի պաղեստինցիների, Իսրայելի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար:

«Բռնակցումն անօրինական Է»,-նշել Է Բաչելետը՝ Իսրայելին կոչ անելով՝ «անսալ իր սեփական նախկին ավագ պաշտոնատար անձանց ու գեներալներին, ինչպես նաև աշխարհում բազմաթիվ ձայների, որոնք նախազգուշացնում են այն մասին, որ չպետք Է գնալ այդ վտանգավոր ճանապարհով»:

«Բռնակցման ստույգ հետևանքները հնարավոր չԷ կանխատեսել,-արձանագրել Է գերագույն կոմիսարը:-Բայց նրանք, ամենայն հավանականությամբ, աղետալի կլինեն պաղեստինցիների համար, Իսրայելի համար և ավելի ընդարձակ տարածաշրջանի համար»:

Բաչելետի խոսքով, բռնակցման փորձը «ոչ միայն լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին, այլև, ամենայն հավանականությամբ, հավիտենական կդարձնի և կխորացնի մարդու իրավունքների լուրջ խախտումները, որոնք բնութագրում են հակամարտությունը տասնամյակների ընթացքում»: Նա նախազգուշացրել Է, որ բռնակցումը «չի փոխի Իսրայելի պարտականությունները որպես օկուպացնող տերություն այն բնակչության նկատմամբ, որը գտնվում Է բռնազավթման ներքո՝ մարդու իրավունքների բնագավառում միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան»:


© armedia.am